×

Ոգեկոչում արվեստի շնչով

2007-01-01 | Naregatsi Art Institute

«Նարեկացի» արվեստի միության «Ոգեկոչում արվեստի շնչով» ապրիլ 24-յան ամենամյա միջոցառումը, նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, այս տարի խորհրդավոր էր և լույսով ողողված, լի հավատով, սիրով և արվեստի անաղարտ շնչով:

Քահանա Տեր Նշանի հետ աղոթքն ու նրա խոսքը՝ սիրո, հայրենասիրության, հավատի ու հույսի մասին, լցրեց ներկաների սրտերն ու տրամադրեց դեպի լուսավորն ու բարին…Խոսելով լույսի մասին` քահանան վառեց ձեռքի մոմն ու հույս հայտնեց այդ լույսով լցնել բոլորի հոգիները, այնուհետև այդ մոմից վառվեցին բեմի, երգիչների և նախապես հանդիսատեսին բաժանված մոմերը: Իսկ աշխարհահռչակ ջութակահար Նիկոլայ Մադոյանի կատարումից հետո խոսքերն արդեն ավելորդ էին....

Միջոցառմանը տեղի ունեցավ «Նարեկացի» արվեստի միության նոր տեսանյութի ցուցադրությունը, որը ներկայացնում է «Նարեկացի» նվագախմբի նոր աշխատանքը՝ Կոմիտասի «Կռունկ»-ը՝ նոր մշակմամբ: Մշակումը կոմպոզիտոր, թառահար, ՀՀ վաստակավոր արտիստ, «Նարեկացի» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արտեմ Խաչատուրինն է: Այն նվիրվում է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Միջոցառումը ավարտվեց Հայկ Մելքոնյանի «Քարացած ժամանակ» բացառիկ լուսանկարների ցուցահանդեսի բացմամբ: Լուսանկարներ, որոնցում քարերն են խոսում մեր, մեր երկրի մասին…լուսանկարներ, որոնցում լուսանկարիչը որսացել է ավելին, քան երբեմն կարող ենք նկատել մենք՝ սովորական անցորդներս:

«Նարեկացի» արվեստի միության գեղարվեստական ղեկավար Լիլիթ Բեկչյանը լավ աշխատանքի, համագործակցության և մեր կողքին լինելու համար իր շնորհակալությունը հայտնեց բոլոր երաժիշտներին, ովքեր մասնակցեցին այս հանդիպմանը՝ քամանչահար Հակոբ Խալաթյանին, մեներգչուհի Սոֆյա Բաղդասարյանին, Նիկոլայ Մադոյանին, «Փարոս» երգչախմբին՝ գեղարվեստական ղեկավար Մանվել Օհանյան, «Նարեկացի» նվագախմբին՝ գեղարվեստական ղեկավար Արտեմ Խաչատուրին, «Նարեկ» երգչախմբին՝ գեղարվեստական ղեկավար Նարինե Դավթյան, «Նովա» մանկական համույթին՝ գեղարվեստական ղեկավար ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյանին:

«Միջոցառումը շատ բազմաժանր, բազմազան և լավ կազմակերպված էր, իսկ ամբողջ միջոցառման հայտնությունը Բախի «Չակոնան» էր՝ Նիկոլայ Մադոյանի կատարմամբ: Սա Բախի գլուխգործոցներից է:

Երբ Մոսկվայում իտալական բանկի բացման ժամանակ Իտալիայից հրավիրվել էր Պագանինիի մրցույթի դափնեկիր, իտալացի ջութակահար Սալվատորե Ակկարդոն, ով նվագեց Բախի «Չակոնան», բանկի կառավարիչն ասաց, որ եթե մի միջոցառմանը հնչում է այս ստեղծագործությունը, ապա այդ օջախը կբարգավաճի և կհավերժի: Ես էլ կավելացնեմ Ջոն Գարդիների խոսքը. «Այնտեղ, ուր հնչում է Բախի երաժշտությունը, Աստված է»»,- ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը:

2022
2023
2024





2021
2019
2018



2017
2016
2015



2014
2013
2012



2011
2010
2009



2008
2007
2006



 

2005
2004
2003 

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։