×

«Հետքերով որբերի հայոց» բացառիկ ցուցահանդեսը Հայաստանի Ազգային պատկերասրահում

2013-05-25 00:00 | Naregatsi Art Institute

Մայիսի 25-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում պաշտոնապես բացվեց Հետքերով որբերի հայոց բացառիկ լուսանկարների ցուցահանդեսը: Նարեկացի արվեստի միության, ԱՄՆ դեսպանության և ԱՄն Մերձավոր Արևելքի հիմնադրամի համատեղ ջանքերով առաջին անգամ ներկայացվում է Ռոքֆելերի արխիվային կենտրոնի Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի 1915-1929 թթ-ին ստեղծված բացառիկ լուսանկարների հավաքածուն:Այս լուսանկարների ցուցադրման գաղափարը ծնվեց մի լուսանկարից, որտեղ պատկերված ցնցոտիավոր և հյուծված որբ մանուկները նվագում են , իսկ նրանց ետևում շուրջպար են բռնել այլ որբեր:- Այդ լուսանկարը հոգու տոկունությունն ու հարատևությունն էր խորհրդանշում` ի դեմս Նարեկացի ժող. նվագարանների համույթի մեր երաժիշտ մանուկների, - ցուցահանդեսի բացման իր ելույթում ասաց Նարեկացի արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանը, - այս ցուցահանդեսը մեզ պատմում է ամերիկայն առատաձեռնության ու հայկական տոկունության մասին և մենք մեր երախտիքի խոսքն ենք հայտնում ամերիկայն ժողովրդին:Բացման խոսքով հանդես եկավ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը.- Այն ինչ ցուցադրված է այս սրահում Հայաստանի ու Միացյալ Նահանգների հարաբերությունների պատմությունն է:Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, ԱԺ այլ պատգամավորներ, քաղաքական գործիչներ, արվեստագետներ:- Մենք շնորհակալ ենք ամերիկյան ժողովրդին` 1915-1930-ական թթ.-ի, որ ամեն ինչ արել են, օգնել և ձեռք են մեկնել մազապուրծ եղած մեր հայրենակիցներին, 132 հազար երեխաներին, ովքեր կարողացել են իրենց հետագա կյանքը կառուցել Միացյալ Նահանգներում, - իր ելույթում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը , - այսօր էլ ԱՄՆ-ը մեզ օգնում և աջակցում է, բայց օգնում է ոչ թե սովից փրկելու , այլ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները ՀՀ-ում ամրապնդելու համար:ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց Նարեկացի արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանին, Մերձավոր Արևելքի հիմնադրամին` ցուցահանդեսը նախաձեռնելու ու կազմակերպելու համար:Ելույթ ունեցան նաև Մերձավոր Արևելքի հիմնադրամի նախագահ Շանթ Մարտիրոսյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, Վահան Չերազի դուստր Բյուրակն-Չերազ Անդրեասյանը, Ամերկոմի միսիոներ դոկտ. Գաննաուեյի որդեգրած դուստրը` մարաշցի որբուհի Ազատուհի Գաննաուեյի դուստրը` Լեսլի Մալոթը:Ցուցադրվեց Զարեհ Ճգնավորյանի Որ չկորչեն անհետ վավերագրական ֆիլմը: Միջոցառումն ամփոփեց Նարեկացի արվեստի միության Նարեկացի ժող. նվագարանների համույթը:Արխիվային լուսանկարների մի մասի բացումը կլինի մայիսի 26-ին` ժամը 16.00-ին, Նարեկացի արվեստի միությունում և մայիսի 27-ին` ժամը 16.00-ին, Գյումրու Թռչունյան տուն մանկատանը: Բոլոր երեք ցուցադրությունները կտևեն մինչև հունիսի 8-ը:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։