×

Մեկնարկում են «Նարեկացի» նկարչության դասարանի գործնական և տեսական պարապմունքները

2013-02-02 15:00 | Naregatsi Art Institute

Նկարչության դաս` «Նարեկացիում»

Դասական երաժշտություն, ճերմակ թուղթ, մատիտներ, ներկեր… այս ամենը երեխաներինն է... մնում է միայն ստեղծագործել: «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ երեխաների համար նախատեսված նկարչության բաց դասընթացի առաջին դասը, որն անցկացրեց լրագրող, նկարչուհի Մարիամ Մուղդուսյանը:
- Մեզ համար կարևոր է, որ այն արվեստագետը, որ կա յուրաքանչյուր մանուկի մեջ, արթնանա ու զարգացում ապրի, - ասում է Մարիամ Մուղդուսյանը:

Յուրաքանչյուր շաբաթ` երկու օր, նկարել ցանկացող և նկարել սիրող 7-17 տարեկան բոլոր երեխաների ու պատանիների համար «Նարեկացի» արվեստի միության հարկի տակ ստեղծված է համապատասխան պայմաններ ու մթնոլորտ: Նկարչության դասընթացի հիմքը դրվեց անցյալ տարի ամռանը, երբ «Նարեկացիում» արվեստագետներն երեխաների համար անցկացրեցին վարպետության դասեր, որը կազմակերպել էր «Նարեկացի» արվեստի միության գեղանկարչական մասի ղեկավար, նկարչուհի` Սևան Նագաշյանը:

Դասընթացին մասնակցող երեխաները հնարավորություն կունենան պարբերաբար հանդիպելու, շփվելու ճանաչված և հայտնի արվեստագետների հետ, ովքեր կաշխատեն երեխաների հետ: Այս դասընթացների նպատակը, ըստ կազմակերպիչների, ոչ միայն երեխաների համար նկարելու հնարավորություն ստեղծելն է, այլ նաև գեղագիտական կրթություն, դաստիարակություն տալը :
Մարիամ Մուղդուսյանը երեխաների հետ աշխատելու փորձ ունի, աշխատել է նկարչական տարբեր խմբակներում, բացի այդ, գործի բերումով շփվել է տարբեր արվեստագետների հետ. ասում է, որ իրեն արվեստագետների մեջ գրավում է երեխան , իսկ երեխաների մեջ` արվեստագետը:

- Երեխան ազատ է իր մտահաղացումների ու երևակայության տարածքում, մենք ուղղորդում ենք, եթե դրա անհրաժեշտությունը իրոք կա: Այստեղ յուրաքանչյուր երեխայի հետ անհատական մոտեցում է տարվում, - ասում է Մարիամը:
Երեխաներից մեկը ` 9 տարեկան Արման Հանոյանը, անցյալ տարի «Նարեկացի» արվեստի միությունում ունեցել է նաև անհատական ցուցահանդես, այժմ էլ սիրով հաճախում է նկարչության դասընթացին:
Չնայած կարծիք կա , որ բազմազան ու բազմապիսի խաղերը, հեռուստատեսությունն ու ինտերնետը այսօր շատ են գրավում երեխաներին, սակայն այս դասընթացն ապացուցեց, որ երեխաների սիրելի թեման մնում է արևն ու կապույտ երկինքը, ծառերն ու բնությունը:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։