Հանդիպում ՆԱՄ-ում
2017-08-18 19:00 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ հանդիպում ֆրանսիաբնակ կոմպոզիտոր, դաշնակահար Արթուր Ահարոնյանի հետ:
Հանդիպումը կրում էր «25 տարի անց» խորագիրը:
-Շնորհակալ եմ այս օջախին, որին ծանոթ չէի, բայց ծանոթացա իմ ուսուցիչ Տիգրան Մանսուրյանի ձայնասկավառակի շնորհանդեսի ժամանակ: Ուրախ եմ, որ իմ ստեղծագործական երեկոն այստեղ է, այս արվեստի հոգևոր կենտրոնում: Շնորհակալ եմ իմ ուսուցիչներին՝ իմ կողքին լինելու համար, և քանի որ այստեղ հրաշալի գործիք կա, ես մեկ ստեղծագործություն կնվագեմ,- իր խոսքում նշեց Արթուր Ահարոնյանը:
Արթուր Ահարոնյանը հերթով ներկայացրեց իր ստեղծագործություններն ու պատմեց դրանց մասին:
-Ես հիացա Արթուրի ջութակի կոնցերտով, որն առաջին անգամ լսեցի: Շատ լավ կոնցերտ էր: Սրանից զատ ուզում եմ ասել, որ Արթուրը շատ աշխատասեր և ազնիվ հայորդի է: Կարևոր է, որ նա ավանդույթները պահող կոմպոզիտոր է: Նա ունի իր տունը Ֆրանսիայում և Հայաստանում, որոնք իր ազնիվ աշխատանքով է ձեռք բերել: Ես սիրում եմ հայի այս տեսակը,- ողջույնի խոսքով հանդես եկավ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը Արթուր Ահարոնյանիին` որպես «Հայ մշակույթի դեսպան», շնորհեց ՆԱՄ-ի յուրահատուկ նվեր-կոչումը՝ միության խորհրդանիշով փոքրիկ խաչքար, որը համատեղում է Տիրոջ օրհնությունը և մշակույթը:
Երեկոյին ներկա էին կոմպոզիտոր - դաշնակահարի ուսուցիչները, ընկերներն ու հարազատները:
Կոմպոզիտոր և դաշնակահար Արթուր Ահարոնյանը ծնվել է 1962թ. Երևանում։
1986թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դաշնամուրային և կոմպոզիտորական բաժինները (Էդուարդ Բաղդասարյանի, այնուհետև Տիգրան Մանսուրյանի դասարաններ)։
1993թ. հաստատվել է Փարիզում և 2002 թվականից Փարիզի Դարյուս Միյոի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր է։
Արթուր Ահարոնյանը Հայաստանի կոմպոզիտորների միության և Ֆրանսիացի հեղինակների և կոմպոզիտորների միության (SACEM) անդամ է։
Որպես դաշնակահար ելույթներով հանդես է եկել Ռուսաստանում, Եվրոպայի բազմաթիվ երկրներում, Կանադայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
Նրա ստեղծագործությանը բնորոշ է բազմաժանրությունը։
Ստեղծագործական ցանկը ընդգրկում է դաշնամուրային գողտրիկ պիեսներից և գործիքային տարբեր կազմի ստեղծագործություններից մինչև սիմֆոնիկ և կոնցերտային մեծ կտավի ստեղծագործություններ։
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։