Արվեստանոց
2018-02-16 15:00 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միությունն «Արվեստանոց» ուսուցողական ծրագրի շրջանակներում սիրով հյուրընկալեց 4-ից 14 տարեկան երեխաների և հաշմանդամություն ունեցող պատանիների:
Վարպետաց դասի տեսքով միջոցառումը կրում էր «Հրեշտակների զրույց» խորագիրը, որտեղ երեխաները` իբրև մաքրամաքուր էակներ, Մեծ պահքի շրջանում երիտասարդ վարպետների հետ պատրաստեցին հրեշտակներ և գունավորեցին իրենց երևակայության ամբողջ բազմազանությամբ:
- Մեծ պահքի շրջանում ենք, և այդ ընթացքում, Աստծո սահմանած կանոնների համաձայն, մենք ավելի շատ պետք է հետևենք մեր հոգու մաքրմանը, կատարելագործմանը և բարի գործեր իրականացնելուն: Այս ընթացքում կարծես Աստծո նախախնամությամբ մեզ հաջողվեց միասին մասնակից լինել այս միջոցառմանը, որպեսզի մեր ջերմությունը, մեր հոգատարությունը ցուցաբերենք բալիկներին և տեսնենք դրա արդյունքը: Մեր փոքրիկները մեր հարստությունն են, և որպեսզի այս միջոցառումն էլ անցնի Աստծո օրհնության և լույսի ներքո՝ լի ջերմությամբ, խաղաղությամբ, ուստի եկեք այս միջոցառումը սկսենք Տերունական աղոթքով,- միջոցառումն իր խոսքով և աղոթքով մեկնարկեց Արարատյան Հայրապետական թեմի Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տ. Զգոն քահանա Աբրահամյանը:
Վարպետաց դասը վարեցին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Ոսկեփորիկ» գեղագիտության զարգացման կենտրոնի մանկավարժները:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։