×

Երիտասարդների «Իմ ժամանակը»՝ արվեստի միջոցով

2026-09-14 18:00 | Naregatsi Art Institute

Երիտասարդների «Իմ ժամանակը»՝ արվեստի միջոցով

Սեպտեմբերի 14-ին «Նարեկացի» արվեստի միությունում բացվեց «Իմ ժամանակը» խորագրով ցուցահանդեսը, որն ամփոփում է Տավուշի մարզի Այգեձոր գյուղում իրականացված համանուն ծրագրի արդյունքները։ 

Շնորհանդեսին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Քրիստինա Թաթարյանը, Երիտասարդական վարչության պետ Զարա Ասլանյանը, երիտասարդության վարչության ավագ փորձագետ Արմինե Պետրոսյանը, նկարիչներ, արվեստաբաններ, ուսանողներ։ 
«Իմ ժամանակը» ծրագիրն իրականացրել է «Մունետիկ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Մասնակցել են Հայաստանի մարզերից, Սփյուռքից և Արցախից տեղահանված 14-30 տարեկան 18 պատանիներ ու երիտասարդներ։ Նախաձեռնության նպատակն է աջակցել մարզաբնակ տաղանդավոր երիտասարդներին՝ հնարավորություն ընձեռելով, որ նրանք ստեղծագործեն և սովորեն սեփական պատմությունները ներկայացնել ժամանակակից տեխնոլոգիական միջոցներով։

Ցուցահանդեսում ներկայացված են ծրագրի շրջանակում ստեղծված բազմաթիվ աշխատանքներից ընտրված նմուշներ։ Մասնակիցներն աշխատել են տարբեր նյութերով՝ քարով, ավազով, շինարարական սոսնձով, ինչպես նաև ստեղծել գրաֆիկական աշխատանքներ ու դրվագավորումներ։ Նախագիծն ուշագրավ է նրանով, որ բացի նկարչությունից ու էտյուդներից մասնակիցները սովորել են անիմացիոն գրաֆիկական ծրագրեր ու ֆիլմեր ստեղծելու հմտություններ։ Եվ աշխատանքներն ունեն իրենց հեղինակային անիմացիոն ֆիլմերը։ 

«Իմ ժամանակը» ծրագրի հեղինակ, «Մունետիկ» ՀԿ-ի նախագահ, արվեստագետ Հրաչ Համբարձումյանի խոսքով՝ նախաձեռնության առանցքում երիտասարդներին ժամանակակից գործիքներով իրենց, իրենց համայնքի և շրջակա միջավայրի մասին պատմելու հնարավորություն տալն է։

«Ծրագիրը կոչվում է «Իմ ժամանակը», որպեսզի այսօր ապրող մարդը կարողանա ներկայացնել այն, ինչ պատմում է իր մասին։ Այսօր տեխնոլոգիաները շատ մեծ դեր են զբաղեցնում մեր կյանքում, բայց դրանք միշտ չէ, որ նպատակային են օգտագործվում։ Հիմնականում դրանք կիրառվում են խաղալու, ֆիլմեր դիտելու կամ սոցիալական ցանցերում ներկայություն ապահովելու համար։ Այնինչ կան բազմաթիվ հասանելի ծրագրեր ու գործիքներ, որոնց միջոցով կարելի է մեր երկիրը, մեր գյուղը, մեր համայնքը գեղեցիկ ու գրավիչ ներկայացնել»,– նշեց Հրաչ Համբարձումյանը։

«Նարեկացի» արվեստի միության ցուցահանդեսների համադրող, արվեստաբան Տաթևիկ Համբարձումյանն ընդգծեց ծրագրի կրթական նշանակությունն ու ստեղծագործական ազատ միջավայրի կարևորությունը։

«Սա շատ թարմ մոտեցումներով, համարձակ ու ճաշակով աշխատանքներն են ներկայացվել։ Երիտասարդները վարպետության դասընթացներին ավելի համարձակ են արձագանքում, քանի որ դրանք չեն ենթադրում քննություն, գնահատական կամ ստացած գիտելիքը ստուգելու այլ մեխանիզմներ, որոնք հաճախ որոշակի կապանքներ են ստեղծում։ Մարդիկ նման ծրագրերում ավելի ազատ ու համարձակ են ներգրավվում»,– ասաց Տաթևիկ Համբարձումյանը։ 

Նրա խոսքով՝ նման նախաձեռնությունների շարունակականության համար կարևոր է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությունը։ «Նախարարության աջակցությունը շատ մեծ է՝ և՛ նյութական, և՛ բարոյական առումով։ Դա շարունակելու և նոր ծրագրեր նախաձեռնելու մեծ խթան է։ Երբ քո գործունեությունը կարևորվում ու խրախուսվում է, կարծես զգում ես, որ մեջքդ ամուր է»,– նշել է նա։

«Իմ ժամանակը» ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում բաց կլինի մինչև սեպտեմբերի 18-ը։

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։