×

Անհատական ցուցահանդես ՆԱՄ-ում

2026-10-05 18:30 | Naregatsi Art Institute

Մանրաթելով հյուսված երազներ «Նարեկացի» արվեստի միությունում

Հոկտեմբերի 5-ին «Նարեկացի» արվեստի միությունում բացվեց նկարչուհի Ալինա Սահակյանի «Հյուսված երազներ» խորագրով անհատական ցուցահանդեսը։ Ներկայացված է չոր թաղիքագործության տեխնիկայով ստեղծված նրա ինքնատիպ հավաքածուն։ 

Ցուցահանդեսի բացման խոսքում «Նարեկացի» արվեստի միության ցուցահանդեսների համադրող, արվեստաբան Տաթևիկ Համբարձումյանը, ողջունելով ներկաներին, անդրադարձավ Ալինա Սահակյանի ստեղծագործություններին. «Կիրառական արվեստի այս ուղղությունը՝ թաղիքագործությունը, յուրահատուկ դրսևորում է ստացել Ալինա Սահակյանի աշխատանքներում։ Դրանք բնության գույների ու ձևերի ռեսլիստական համադրությամբ ինքնատիպ հորինվածքների օրինակներ են, որտեղ բրդյա սովորական թելերը վերածվել են արվեստի։ Հեղինակի ձեռքում բուրդը դուրս է եկել զուտ կիրառական նյութի սահմաններից՝ վերածվելով ծավալուն ու շոշափելի կտավի»։ 

«Հյուսված երազները» ոչ միայն հեղինակի անցած ճանապարհի ամփոփումն է, այլև հրավեր՝ կանգ առնելու և մանրաթելի ջերմության միջոցով բնության անսպառ գեղեցկությունը վերահայտնաբերելու։ 

«Մենք հաճախ այնքան ենք շտապում, որ չենք նկատում մեր կողքին եղած փոքրիկ հրաշքները։ Եթե իմ աշխատանքները որևէ մեկին ստիպեն մի պահ դանդաղել, նայել և զգալ, ես կհամարեմ, որ այն հասել է իր նպատակին»,- խոստովանեց Ալինա Սահակյանը։ «Բրդի հետ աշխատելիս հասկացա, որ այն ինձ թույլ է տալիս միաժամանակ նկարել, կառուցել և ստեղծել ծավալ։ Տարբեր երանգների մանրաթելերը համադրելով՝ հնարավոր է ստեղծել շատ նուրբ գունային անցումներ և այնպիսի մակերես, որը փոփոխվում է լույսի հետ»,- նշում է արվեստագետը։

Ալինա Սահակյանի ստեղծագործական ձեռագիրը ձևավորվել է դասական գեղանկարչության, գրաֆիկական դիզայնի և լուսանկարչության համադրման արդյունքում․ նա կրթություն է ստացել Երևանում, Շվեյցարիայի արվեստի ակադեմիայում և Կանադայում։ 

«Հյուսված երազներ» ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում բաց կլինի մինչև հոկտեմբերի 10-ը։ 

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։