×

Ցուցահանդես-բանախոսություն ՆԱՄ-ում

2026-10-19 18:30 | Naregatsi Art Institute

Ախթալայի Ս. Աստվածածին եկեղեցու որմնանկարների անհայտ խորհդանիշները

Հոկտեմբերի 19-ին «Նարեկացի» արվեստի միությունում (ՆԱՄ) կայացավ «Ախթալայի որմնանկարները․ միջնադարից մինչև մեր օրեր» խորագրով դասախոսություն-ցուցահանդեսը։ Միջոցառման առանցքում XII–XIII դարերի հոգևոր բացառիկ կոթող` Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցու որմնանկարչական հարստությունն էր, որի աստվածաբանական ու պատմաքաղաքական շերտերը ներկայացրեց եկեղեցու վանահայր արժանապատիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։

ՆԱՄ ցուցասրահում ներկայացված էր լուսանկարիչ Հրայր Բազէ Խաչերեանի ֆոտոշարքը, որն ակնառու էր դարձնում Ախթալայի պատերին պահպանված շուրջ 1000 քառակուսի մետր մակերեսով որմնանկարների գունային ինքնատիպությունը։
Ախթալայի վանքի որմնանկարները ոչ միայն միջնադարյան հայ մշակույթի բացառիկ գանձերից են, այլև քրիստոնեական տարբեր մշակութային ու աստվածաբանական ավանդույթների յուրահատուկ հանդիպման վկայություն։ Ու աւդ ամենը պատահական համընկնում չի եղել, այլ 13-րդ դարի Իվանե եւ Զաքարե իշխանների հեռատես ծրագրի արդյունք։ 

Տեր Հեթումի բանախոսության ամենաուշագրավ դրվագներից մեկը վերաբերում էր որմնանկարների սոցիալ-քաղաքական ու քարոզչական գործառույթին։ 12-րդ դարում Մարիամ իշխանուհու կողմից կառուցված, իսկ 13-րդ դարում Իվանե Զաքարյանի պատվերով նկարզարդված և քաղկեդոնական եկեղեցուն հանձնված տաճարը յուրահատուկ հարթակ էր։ Զաքարյան եղբայրները, օգտագործելով վրաց Թամար թագուհու տված լայն արտոնություններն ու արքունիքում իրենց մեծ ազդեցությունը, ոչ միայն փորձում էին Հայաստանի համար նպաատավոր գործեր անել, վրացական ուժերն օգտագործել Հայաստանի բնակավայրերը պաշտպանելու համար, այլ նաեւ ձգտում էին մոնղոլական ու սելջուկյան արշավանքների դեմ համախմբել տարբեր դավանանքների քրիստոնյաներին։

Տեր Հեթումն ասաց, որ Ախթալայի տաճարում պատկերված են քրիստոնեական տարբեր եկեղեցիների սրբեր, որոնք չէին կարող պատկերվել օրթոդոկս եկեղեցու պատերին, օրինակ` սուրբ Բենեդիկտոսը, Սիմեոն Սյունակյացը, Ասորական եկեղեցու, ինչպես նաև Միջագետքից եկած սրբեր։ Եվ այս ամենը խոսում է Իվանեի շատ հեռատես ու կարեւոր նպատակների մասին. նա ցանկանում էր Ախթալան դարձնել համաքրիստոնեական միասնության կենտրոն։ 

- Երբ որմնանկարների մեջ տեսնում ենք Քրիստոսին դատարան տանելու տեսարանը, Կայիափա ու Աննա քահանայապետերը պատկերված են չալմայով, իսկ Պիղատոսի ձեռքերը լվանալու տեսարանի մոտակայքում` թուրքական ֆեսով զինվորներ։ Սա իր ժամանակի «մեդիա ազդեցության» տեսակ էր։ Իվանեն ուզում էր, որ վանք մտնող քրիստոնյան, տեսնելով այդ տեսարանները, սելջուկ թուրքերին ասոցացներ իրենց նեղողների ու Քրիստոսին չարչարողների հետ»,- նշեց Տեր Հեթումը։

Խոսելով այն մասին, որ Իվանե ու Զաքարե եղբայրները դավանափոխ են եղել` ընդունելով վրացական օրթոդոկսություն ու դրա համար մեծ քննդատության են արժանացել, Տեր հայրը նկատեց, որ նրանց խոստովանահայրը Մխիթար Գոշ վարդապետն է եղել։ Տեր հայրը շեշտեց, որ Հայ Եկեղեցու վարդապետը չէր կարող շարունակել լինել դավանափոխ եղբայրների խոստովանահայրը։ Վստահաբար` վերջինս հրաշալի իմացել է Զաքարյանների իրական նպատակները։

Բանախոսն իր խոսքում անդրադարձավ նաև որմնանկարների տեխնիկական ու լեզվական ուշագրավ մանրամասնություններին։ Եկեղեցու քարե պատերին երեք շերտ կա` սվաղ, սևագիր և վերջնական որմնանկար։ Որոշ հատվածներում բացված սևագրերի վրա հստակ ընթեռնելի են հայերեն արձանագրություններ։ Միևնույն ժամանակ, չնայած որմնանկարների վրա առկա վրացերեն մակագրություններին, դրանցում նկատվում են բազմաթիվ տառասխալներ։ Քանի որ միջնադարում բարձր կրթություն ստացած որմնանկարիչները չէին կարող սխալ գրել մայրենի լեզվով, դա թույլ է տալիս ենթադրել, որ վարպետները վրացի չեն եղել, այլ` հույներ կամ հայեր։

Անդրադառնալով տաճարի պատկանելության շուրջ հաճախակի դարձած վեճերին՝ Տեր Հեթումը շեշտեց․ «Շատերն են հարցնում՝ Ախթալան հայկակա՞ն է, վրացակա՞ն, թե՞ հունական։ Ես ասում եմ՝ քրիստոնեական է, Քրիստոսինն է»։ Եկեղեցին հարյուրամյակների պատմության ընթացքում ունեցել թե’ հայկական, թե’ բյուզանդական, թե’ վրացական ազդեցություններ։ 

Եկեղեցին պահպանելու գործում մեծ դեր են ունեցել Պոնտոսի ցեղասպանությունից փրկված և Ախթալայում հաստատված հույները։

Իսկ 1930-ական թվականներին, երբ բոլշևիկները ոչնչացնում էին եկեղեցական արժեքները (ջարդվել ու վաճառվել էր նաև իկոնոստասը), ռուս հնագետ Լիդիա Դուրնովան խումբ է կազմավորել և պատճենահանել որմնանկարները։ Նրա շնորհիվ փրկվել են նաեւ Քոբայրի վանքի, Կիրանցի եկեղեցու որմնանկարները։ 

Եկեղեցու խորանին Ս. Աստվածածինն է Մանուկ Հիսուսի հետ։  Ս․ Կույսի դեմքը մոնղոլական արշավանքների ժամանակ վնասվել է։ Հանդիսատես ախթալեցիներից մեկը պատմեց, որ իր պատենեկան տարիքում որմնանկարի վրա տեսել է Տիրամոր դեմքը, և այն վնասվել է ավելի ուշ շրջանում` անձրաջրերի պատճառով։ 

Տեր Հեթումը, ծանոթ լինելով այդ վարկածին, ասաց, որ իրականում դա ոչ թե որմնանկար է եղել, այլ Սերգեյ Փարաջանովի փակցված թղթե դիմանկարը, որն արվել է «Նռան գույնը» ֆիլմի նկարահանումների համար։ 

Միջոցառման ավարտին «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը Տեր Հեթում քահանա Թարվերդյանին նվիրեց իր լուսանկարչական ալբոմը և մոմե հրեշտակ։

Այնուհետ Տեր Հեթումը ցուցադրված լուսանկարների մոտ հերթով ցույց տվեց գաղտնագրված սիմվոլները, որոնք առաջին հայացքից չեն բացվում դիտողի առաջ։ 

Ախթալայի Ս. Աատվածածին եկեղեցու որմնանկարների լուսանկարչական ցուցահանդեսը ՆԱՄ ցուցասրահում բաց կլինի մինչև հոկտեմբերի 28-ը։

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։