Սոցիալ-մշակութային ներառական միջոցառում ՆԱՄ-ում
2026-10-05 14:30 | Naregatsi Art Institute
Հոկտեմբերի 5-ին «Նարեկացի» արվեստի միության հարկի տակ ազգային պարն ու երաժշտությունը վերածվեցին անսահման ջերմության և շփման լեզվի։ Այստեղ կայացավ «Կանայք հանուն կյանքի» ՀԿ-ի իրականացրած «Ազգային պարը՝ ներառման լեզու» ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որի առանցքում պարզ ու գեղեցիկ մի գաղափար էր․ յուրաքանչյուր մարդ, անկախ իր ֆիզիկական ու հոգևոր կարողություններից, կարող է լինել ազգային մշակույթի կրողը։
Ծրագիրը կյանքի է կոչվել «ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամի և սրտացավ բարերարների աջակցությամբ։ Աուտիզմ ունեցող երեխաներն ու երիտասարդները իրենց ծնողներին ու հանդիսատեսին փոխանցեցին հայկական ազգային պարերի էներգիան։ Հատուկ կարիքներ ունեցող երեխաներին պարային քայլերը յուրացնելու հարցում օգնել էին «Հայկանչ» ավանդական պարի խմբի սաները, որոնք երեխաների հետ հանդես եկան համատեղ ելույթով։ Պարային կատարումներից զատ, երեխաները հանդիսատեսին հիացրին նաև իրենց դաշնամուրային նվագով։
«Կանայք հանուն կյանքի» ՀԿ նախագահ Տիրուն Ղարիբջանյանի խոսքով՝ նման նախաձեռնությունները նպաստում են երեխաների սոցիալականացմանն ու զգայական ինտեգրմանը, ինչպես նաև հասարակության մեջ բարձրացնում են ներառականության մասին իրազեկվածությունը։
«Դեռ ծրագիրը գրելիս ես զգում էի, որ դրա իրականացման լավագույն վայրը «Նարեկացի» արվեստի միությունն է, քանի որ այստեղ ամեն ինչ խոսում է ազգային մշակույթի մասին։ Ես ներքուստ վստահ էի, որ մեզ չեն մերժի։ Այստեղ մեր երեխաներին ընդունել են առանց կարծրատիպերի ու առանց նախապայմանների։ Շնորհակալ ենք Ձեզ այս հնարավորության համար, քանի որ մեր երեխաներն արժանի էին այս միջավայրում ներկայացնելու մշակույթը»։
Միջոցառման ավարտին «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը երեխաներին հեքիաթների գրքեր նվիրեց և սիրով հրավիրեց հաճախ այցելել միություն՝ ընդգծելով, որ նրանց միշտ սպասում են բաց սրտով։
Սա ևս մեկ առիթ էր հիշելու, որ ներառականությունը սոսկ առանձին միջոցառում չէ․ այն միջավայր է, որտեղ տարբերությունները ոչ թե բաժանում, այլ միավորում են, իսկ ազգային պարի ռիթմի ներքո յուրաքանչյուր երեխա դառնում է մշակութային կյանքի լիարժեք ու բնական մասնիկը։
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։