
2006թ. սեպտեմբերին իր գործունեության սկիզբն ազդարարեց «Նարեկացի» արվեստի միության /ՆԱՄ/ Շուշիի մասնաճյուղը, որի նպատակն է աջակցել պատերազմից ավերված եւ հոգեբանորեն գրեթե ուժասպառ քաղաքի մշակութային զարթոնքին, տարածաշրջանում կապ հանդիսանալ արվեստագետների ու արվեստասեր հասարակության միջեւ, կրթական ծրագրեր իրականացնել նոր սերնդի հայեցի դաստիարակման, մշակութային եւ ազգային արժեքների ճանաչման ու գնահատման ուղղությամբ
Շուշիի ազատագրումից հետո շատերը հայտնվեցին պատմական բերդաքաղաքում` ցանկանալով գործունեություն ծավալել այնտեղ։ Սակայն քչերն էին պատրաստ տեր կանգնել ավերակներին, նրանց վերանորոգել, նոր շունչ տալ եւ լցնել վերածնված կյանքով։ Այսօր նախկին ավերակներից մեկի փոխարեն կանգնել է «Նարեկացի» արվեստի միությունը, որի եռահարկ շինությունը համալրված է համերգասրահով, ցուցասրահով, դասասենյակներով, գրադարանով։ Նախատեսված է կառուցել բացօթյա ամֆիթատրոն, արվեստագետների համար հյուրասենյակներ եւ այլն։ Կենտրոնում գործում են նկարչության, ասեղնագործության, ասմունքի, մանրանկարչության, պարի, թատերական, փայտի փորագրության եւ այլ խմբակներ, որոնց դասընթացներին հաճախում է ավելի քան 135 երեխա։ Գործում է նաև երեխաների «Արամ Մանուկյան» ճամբարը, որի կազմակերպած ծրագրերին ամեն տարի մասնակցում են մեծ թվով երեխաներ ոչ միայն Շուշիից, այլև հարակից շրջաններից: Նրանց հեզհետե ավելացող թիվը 2009թ-ին հասավ մինչև 350-ի: Ճամբարը ստեղծվել է Հայդուկ և Աիդա Շամլյանների նախաձեռնությամբ:
ՆԱՄ-ի Շուշիի կենտրոնում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները հաշմանդամների ազատ տեղաշարժման համար, որոնց շնորհիվ հաշմանդամ արվեստագետներն ու արվեստասերները հնարավորություն ունեն հավասարապես մասնակցելու բոլոր միջոցառումներին։ Ընդհամենը 3-ամյա գործունեության ընթացքում իրականացվել են մի շարք ծրագրեր, միջոցառումներ թե կենտրոն հաճախող երեխաների, թե ՀՀ-ից եւ արտերկրից ժամանած արվեստագետների մասնակցությամբ։ Ամեն տարի կազմակերպվում են ազգային արժեքները պրոպագանդող տարբեր ֆիլմերի ցուցադրություններ («Ճչացողները», «Արտույտների ագարակը», «Ջուղա», «Հրանտ Դինք», «Լռություն» եւ այլն), ցուցահանդեսներ (Անիի, Կարսի պատմամշակութային հուշարձանները, Ադանայի 100-ամյակին նվիրված լուսանկարներ, Շուշիի տապանաքարերը եւ այլն), բեմադրություններ։
2009թ. կենտրոնի թատերական խմբակը ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության նախարարության բարձր հովանու ներքո Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում անցկացված ԼՂՀ հանրապետական ինքնագործ թատերական խմբերի ստուգատեսին գրավեց առաջին պատվավոր տեղը ։
ՆԱՄ-ը բարեգործական հասարակական կազմակերպություն է. իր գործունեության ընթացքում /Երեւան` 5 տարի, Շուշի` 3/ առաջնորդվել է բարեգործական հիմունքներով` բոլոր ծառայությունները արվեստագետներին տրամադրվում են անվճար, եւ միջոցառումների մուտքն ազատ է լայն հասարակության համար։
Շուշին Հայաստանի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավել հատկապես մշակութային կյանքում ունեցած մեծ դերի առումով. այն եղել է հայ մշակույթի ծաղկման խոշորագույն կենտրոններից մեկը։ Յուրաքանչյուր հայ, կարծում ենք, իր պարտքը պետք է համարի մասնակիցը դառնալ երբեմնի ծաղկուն այս քաղաքի վերականգնմանը եւ նախկին հզոր ոգին վերագտնելու ազնիվ գործին։ ՆԱՄ-ի Շուշիի մասնաճյուղը ստեղծվել է հենց այս նպատակով։ Վստահ ենք, որ այն իր ուրույն տեղը կունենա բերդաքաղաքի վերականգնման, մշակութային կյանքի զարգացման մեջ` դառնալով մեր պատմության նորագույն էջերից մեկի` Շուշիի վերածնման կարեւորագույն հիմքը, միաժամանակ նաեւ Հայաստանի Հանրապետություն - Արցախ – Սփյուռք կամուրջը։
Ապագա ծրագրեր
Շինարարականնախագծեր
- Ամբողջացնել ՆԱՄ-ի Շուշիի համալիրը`
- ավարտել արվեստագետների համար նախատեսված հանրակացարանի կառուցումը. այն հնարավորություն կտա ավելի հաճախ շփվել Երեւանից եւ Սփյուռքի գաղթօջախներից այցելող արվեստագետների հետ, դասընթացներ անցկացնել, համատեղ միջոցառումներ կազմակերպել թե Շուշիում, թե հարակից բնակավայրերում
- կառուցել բացօթյա ամֆիթատրոն, որտեղ հնարավոր կլինի կազմակերպել համերգներ, ներկայացումներ
- կառուցել երեխաների խաղահրապարակ
- ձայնագրման եւ ֆիլմարտադրության ստուդիա` նպաստելով Շուշիի մշակութային զարթոնքին
- Վերանորոգել եւ կահավորել ՆԱՄ-ի շենքը
ուսումնականնախագծեր
- նկարչության
- մանրանկարչության
- լուսանկարչություն
- փայտի փորագրություն
- ասեղնագործություն
- պար
- ասմունք
- թատերական
- երգ
- անգլերեն լեզու
- «ֆիլմի անկյուն»` ֆիլմերի ցուցադրության ծրագիր
- համերգների, ցուցահանդեսների, հանդիպումների կազմակերպում ԼՂՀ-ի,ՀՀ-ի եւ Սփյուռքի խմբերի կամ անհատների մասնակցությամբ
- ՆԱՄ-ի Շուշիի կենտրոնի սաների աշխատանքների ցուցադրություններ, համերգներ ԼՂՀ այլ շրջաններում, ՀՀ-ում եւ Հայաստանի սահմաններից դուրս
- Ճանաչողական այցեր թանգարաններ, պատկերասրահներ, թատրոններ եւ այլ մշակութային օջախներ
|