«Շուշի արթ փրոջեքթ»-ի և «Նարեկացի» արվեստի միության համագործակցությունը
2012-10-14 | Naregatsi Art Institute
2012 թվականի հոկտեմբերի 14-ին «Շուշի արթ փրոջեքթ» ժամանակակից արվեստի նախագծի փակման հանդիսավոր արարողության համերգային ողջ ծրագիրը վստահվել էր «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթին, որը հանդես է եկել նոր, եվրոպական մեծ շրջագայության համար պատրաստած համերգային ծրագրով: Խորհրդանշական էր համույթի ելույթի վայրը՝ 19-րդ դարի Անդրկովկասի առաջին տպագրատներից մեկը, որը, վերհառնելով իր կիսավեր փլատակներից, դարձել է Շուշիի նորաբաց արվեստի պատկերասրահը:
-«Նարեկացի» արվեստի միության մասնակցությունը «Շուշի արթ փրոջեքթ»-ին խորհրդանշական է, քանի որ անձամբ Նարեկ Հարությունյանի և իր հիմնած կենտրոնի կրթամշակութային ներդրումը Շուշիում առաջին խիզախումներից է, որը վիթխարի նշանակություն ունի Արցախի համար: Վստահ եմ, որ այս արդյունավետ համագործակցությունը կշարունակվի, և շնորհակալ եմ այս տաղանդավոր պատանիներին իրենց մատուցած գեղեցիկ համերգի համար, - այսպես է իր խոսքում բնորոշել համույթի մասնակցությունը նախագծին «Շուշի արթ փրոջեքթ»-ի համադրող Լիլիթ Սարգսյանը:
«Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը՝ իբրև ժամանակակիցն ու ավանդականը կամրջող հաճելի նվեր, ելույթ է ունեցել նաև նախագծի բացման օրը՝ կանգնելով այնպիսի արվեստագետների կողքին, ինչպիսիք են Հերրի Որբերյանը, Աշոտ Ավագյանը, Համլետ Հովսեփյանը, Սահակ Պողոսյանը, Չառլի Խաչատուրյանը, Արա Օշականը, Սամվել Սաղաթելյանը, Ալեքսեյ Մանուկյանը, Քիքին, Ճալան, Եվա Սարգսյանը, Գագիկ Ղազանչյանը, Մերի Մունը, Հարություն Զուլումյանը, Վաչագան Տեր-Սարգսյանը, Սյուզան Խարդալյանը և այլք:
«Շուշի արթ փրոջեքթը» տեղի է ունեցել 2012թվականի հոկտեմբերի 1-14-ը՝ երկու փուլով: Հոկտեմբերի 1-4 արվեստագետները տեղում աշխատել են իրենց ստեղծագործությունների պատրաստման վրա:
Ամսի 3-ին Շուշիի քաղաքային տարբեր տարածքներում տեղի են ունեցել արվեստագետների բացօթյա պերֆորմանսները, որոնց արդյունքում ստեղծված գործերը նկարահանված տեսաշարերի հետ մեկտեղ ցուցադրվել են նախագծի էքսպոզիցիայում: Նախագծի հիմքում ընկած է անմիջապես հողի հետ աշխատելու գաղափարը, քանզի նախաձեռնության առանցքային ուղենիշը տեղային խնդիրներն արծարծելու միջոցով ներհայկական և միջազգային երկխոսության հասնելու տեսլականն է: Այս հայեցակարգով է պայմանավորված նախագծի անցկացման տեղագրությունը, որը ներառում է Շուշիի գրեթե բոլոր պատմամշակութային հուշարձաններն ու շինությունները: Քաղաքի մշակութային կյանքում այդպիսի նշանակություն ունի նաև «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղը, որտեղ նույնպես բազմաթիվ միջոցառումներ և հանդիպումներ են տեղի ունեցել այդ օրերին:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։