Ցուցահանդես Նարեկացիում |Սյուզան Դեսել (Նյու-Յորք, ԱՄՆ)
2010-06-21 18:00 | Naregatsi Art Institute
Հունիսի 21-ից 28-ը ՆԱՄ-ում տեղի ունեցավ Սյուզան Դեսսելի (Նյու-Յորք, ԱՄՆ) անհատական ցուցահանդես-ինստոլացիան: Վերջինս կրում էր «Nothers։ another/other-ի փոխակերպություն» խորագիրը: Ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրվեցին Սյուզան Դեսելի (Նյու-Յորք, ԱՄՆ) աշխատանքները:
Այն իրականացվեց «Արվեստի եւ մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիա» կազմակերպության «Գեղարվեստական կոմունա» Արվեստագետների միջազգային կացարանի ծրագրերի եւ ՆԱՄ-ի «Մշակութային հաղորդակցություն» խորագրի շրջանակներում։
ԱՄՆ-ից ժամանած Սյուզան Դեսսելին Հայաստան էր բերել Եղեգիսում /Վայոց Ձորի մարզ/ գտնվող միջնադարյան հրեական գերեզմանոցը, որը դարձավ իր նոր ստեղծագործության թեման։ Արվեստի եւ մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիայի հրավերով գալով մեր երկիր, նա բացահայտել է մայրության գաղափարի զարմանալի նմանությունը երկու ազգերի մոտ եւ այն ներկայացրել արվեստի լեզվով։
Ինչպես ներկայացրեց Ս. Դեսսելը, ցուցահանդեսը հարգանքի տուրք էր Եղեգիսի հրեական գերեզմանոցում թաղված կանանց հիշատակին, ինչպես նաեւ նրանց եւ ուրիշների փոխադարձ ընդունմանը։ 13-րդ եւ 14-րդ դարերում հրեա կանայք հարկադրված էին (համաձայն որոշ աղբյուրների՝ դա գրված էր նրանց ամուսնական պայմանագրի՝ Կետուբոթի մեջ) կրծքով կերակրել իրենց երեխաներին առնվազն 24 ամիս։ Մի ժամանակ, երբ մանկական մահացությունը սովորական բան էր, սա պետք է երաշխավորեր, որ երեխան ողջ կմնա։ Այն դեպքերում, երբ կինն անկարող էր 24 ամիս կուրծք տալ իր երեխային, վարձվում էր ծծմայր։ Ծծմայրերը, որ վարձում էին հրեաներն ու քրիստոնյաները, կարող էին լինել եւ հրեա, եւ քրիստոնյա կանայք. այս պրակտիկայի մեջ ներհայտ է յուրաքանչյուր անհատի կյանքի սրբության գիտակցությունը։
«nothers։ another/other-ի փոխակերպություն» ինստոլացիան պարունակում էր 365 ֆորմաներ, որոնցից յուրաքնաչյուրը բաղկացած էր մեջք-մեջքի տված ծծմայրերի մարմիններից։ Այն ներկայացնում էր յուրաքանչյուր երեխայի համար կուրծք տալու 24-ամսյա պարտադիր նվազագույն շրջանը։ Մի կողմում՝ ոսկեպատ, հայկական խաչքար էր, մյուսում՝ Դավթի հրեական վեցթեւանի աստղը,` խորհրդանշելով ուրիշների միջեւ համագործակցության դրական տարրերը։
Ողջույնի խոսքով հանդես եկան «Արվեստի եւ մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիա» կազմակերպության ներկայացուցիչ, ցուցահանդեսի համադրող Սուսաննա Գյուլամիրյանը, ՆԱՄ-ի հիմնադիր նախագահ Նարեկ Հարությունյանը եւ ԱՄՆ դեսպանության մշակութային բաժնի պատասխանատու Թոմաս Միտնախտը։
«Ինչպես միջնադարյան հրեաներն էին ուրիշ հայ քրիստոնյաների մեջ, այդպես էլ հայերը պատմականորեն ունեցել են Սփյուռքում ուրիշ լինելու փորձառությունը։- ասում է Սյուզան Դեսսելը,- Այս աշխատանքը նպատակ ունի մղելու դիտողներին՝ դիտարկելու ուրիշության տեղը մեծապես միատարր հայ հասարակության մեջ»։
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։