Ֆիլմերի ցուցադրություն ՆԱՄ-ում
2026-11-03 15:00 | Naregatsi Art Institute
«Մանուկն աշխարհին». «Մանուֆեստ» փառատոնի ֆիլմերը «Նարեկացի» արվեստի միությունում
Նոյեմբերի 3-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Մանուֆեստ» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի ֆիլմերի ցուցադրություն։ Հանդիսատեսին ներկայացվեցին հայկական, ռուսական և չեխական արտադրության կինոնկարներ։
Ցուցադրված աշխատանքների շարքում էին Արմավիրի արվեստի քոլեջի ուսանող Միլենա Եդիգարյանի «Գտնելով տունը» և «Երեկույթ» անիմացիոն ֆիլմերը։ 15 ամյա ռեժիսորը պատմեց մուլտֆիլմերի ստեղծման ընթացքի մասին։ «Սկզբում կարճ հատվածներ էի տեղադրում սոցիալական ցանցերում, հետո աշխատանքներս նկատեցին և առաջարկեցին մասնակցել փառատոնների», — նշեց Միլենա Եդիգարյանը։
Փառատոնը վաղուց դուրս է եկել սովորական կինոփառատոնի շրջանակներից՝ վերածվելով ծավալուն կրթական, սոցիալական և մշակութային նախագծի։ Դրա հիմնական առաքելությունն է մշակույթն ավելի հասանելի դարձնել երեխաների համար։ Ծրագրի թիրախում են գտնվում հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների, ծնողազուրկ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաները։
Այս տարվա փառատոնի խորագիրն է «Մանուկն աշխարհին»։ Կազմակերպիչների ընդգծմամբ՝ փառատոնի «սիրտը» հենց երեխաներն են, իսկ ավելի ճշգրիտ՝ «6-ից 100 տարեկան երեխաները», քանի որ յուրաքանչյուր մեծահասակ հոգու խորքում պահպանում է իր մանկական աշխարհը։
Փառատոնն ունի մեծ աշխարհագրություն։ Մասնակցում են ֆիլմեր աշխարհի տարբեր ծայրերից, այդ թվում՝ Ֆրանսիայից, Կանադայից, Ճապոնիայից, Ֆինլանդիայից, Իտալիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Իրանից և այլ երկրներից։
Երկարամյա գործընկերություն
«Մանուֆեստ»-ը տարիներ շարունակ սերտորեն համագործակցում է «Նարեկացի» արվեստի միության հետ, որտեղ ավանդաբար անցկացվում են ամենամյա ցուցադրությունները։ Կազմակերպիչների փոխանցմամբ՝ ձևավորված ջերմ ու կայուն հարաբերությունների շնորհիվ միությունում անցկացվող միջոցառումները մշտապես աչքի են ընկնում հանդիսատեսի մեծ հետաքրքրությամբ։
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։