×

Սյունիքի Հարժիս գյուղը՝ Հայաստանում հաստատվելու որոշում

2026-10-31 | Naregatsi Art Institute

Կահիրեում մեծացած եգիպտացի ռեժիսոր և լուսանկարիչ Իսամ Նագին երբեք չէր պատկերացնի, որ իր կյանքի ամենամեծ ստեղծագործական ու հոգևոր բացահայտումը թաքնված է Սյունիքի բարձրաբերձ լեռներում։ Ծնված լինելով Եգիպտոսի ղպտի քրիստոնյաների ավանդապաշտ ընտանիքում՝ նա տարիներ շարունակ չգիտեր, որ իր երակներում նաև հայկական արյուն է հոսում․ մի գաղտնիք, որը 130 տարի շարունակ լռության էր մատնված։

2023 թվականին հաստատվելով Հայաստանում՝ Իսամը բախվեց օտարության, ստեղծագործական հիասթափության ու ներքին տագնապների։ Երբ նա արդեն կոտրված էր ու պատրաստվում էր հեռանալ Հայաստանից, Սյունիքի Հարժիս գյուղում նա հանդիպեց 14 պատանիների։ Իսամը սկսեց նրանց լուսանկարչություն՝ «ժամանակը կանգնեցնելու» արվեստը սովորեցնել, բայց ինքը վերագտավ 130 տարի առաջ կորցրած իր հայրենիքը։

 

Հարժիսի հրաշքը․ լուսանկարչական կոճակն ու անալոգային ժամանակը

Եգիպտացի ռեժիսոր և լուսանկարիչ Իսամ Նագին իր «Ձեռեր վիզուալ արվեստ» ՀԿ-ի ծրագրով Սիսիանի և Գորիսի միջև ծվարած Հարժիս գյուղում սկսեց լուսանկարչության դասընթաց։ Տեսողական պատումի ծրագիրը նախատեսված էր 13–18 տարեկանների համար, որին մասնակցեց 14 պատանի։ Սկզբում երեխաները չէին պատկերացնում, թե ինչ է պետք անել։ «Ի՞նչ եք ուզում, որ նկարենք, այստեղ ամեն ինչ մեզ շատ սովորական է թվում»,- հարցնում էին նրանք։ Իսկ Իսամը չպարտադրեց տեխնիկական կանոններ, այլ առաջարկեց սովորել այլ անկյունից նայել իրենց համար սովորական դարձած միջավայրին։

Սկզբում նա գյուղ բերեց իր հոր 1990-ականների հին ժապավենային լուսանկարչական ապարատը, որով ինքն էր նկարում 13 տարեկանում, որպեսզի երեխաները զգան ժամանակի ու կադրի արժեքը․ «Ես նրանց ցույց տվեցի հորս հին ապարատը։ Ուզում էի, որ նրանք հասկանան՝ լուսանկարչական կոճակը սեղմելը կրակոց արձակել չէ։ Դա ժամանակը կանգնեցնելու ու ապրումը հավերժացնելու արվեստ է։ Թվային այս աշխարհում Հարժիսի երեխաները դեռ պահպանել են իրենց շրջապատող աշխարհով զարմանալու ու հիանալու հրաշալի ունակությունը։ Մենք անալոգային էակներ ենք․ ժամանակը չես շտապեցնի, մեկ օրը 24 ժամ է, հղիությունը՝ 9 ամիս։ Մենք շփվում ենք մեր զգայարաններով»։

Ժապավենային խցիկից հետո նա երեխաների համար բերեց 50 մեգապիքսելանոց ապարատը և տարբեր ոսպնյակները։ Այսպես ծնվեցին ցուցահանդեսի 64 լուսանկարները, որոնցից 25-ը նվիրված են լեռներին՝ որպես արգելքի, կամուրջի և մարդկային երկխոսության փոխակերպում։

Իսամ Նագիի համար իր արվեստը դարձավ կամուրջ, էքզիստենցիալ հարցերի պատասխաներ գտնելու միջոց, մշակութային փորձառություն։ Մի անգամ Երևանից հասել էր Հարժիս, Մշակույթի տանը դասին ոչ ոք չէր եկել։ Փողոցում պատահաբար հանդիպել էր սաներից մեկին ու իմացել, որ աշակերտներից Անիի ծննդյան օրն է։ Միասին գնացել էին Անիենց տուն ու այնտեղ մնացել մինչ ուշ երեկո։ Ընտանիքն ու հյուրերը Իսամին շատ ջերմ էին ընդունել, անգամ միասին գաթա էին թխել։ Այդպես նա զգացել էր հայկական ինքնության անկեղծությունը։ «Նույնիսկ իմ շատ վատ հայերենով նրանք ինձ ընդունեցին անսահման սիրով ու ջերմությամբ»,— պատմում է նա։

«Ես պատանիներին միշտ ասում եմ, որ կատարելությունը սուտ է, իսկ իսկական կատարելությունը լավագույնս ներդրված ջանքերն են։ Մի անգամ աշակերտներից մեկը կարծում էր, թե լուսնի լուսանկարը արժեք չունի, բայց նկարը մի փոքր կտրելով՝ պատուհանի շրջանակի վրա տեսանք լուսնի նուրբ ցոլքը։ Իսկ երբ հարցրի Անիին, թե ինչու է ուզում, որ պապիկի դիմանկարում աչքերի գույնը համընկնի երկնքի երանգին, նա պատասխանեց․ «Որովհետև սա մեր հողն է»։

Հարժիսի երեխաների հետ երկար ամիսների աշխատանքը վերածվեց «Մեծ պատկերը․ առօրյայի գեղեցկությունը» լուսանկարչական ցուցահանդեսի, որը կբացվի նոյեմբերի 2-ին «Նարեկացի» արվեստի միության ցուցասրահում։

 

Իսամի ապրումները․ հիասթափությունից մինչև փոխադարձ փրկություն

2023 թվականին հաստատվելով Հայաստանում և նկարահանելով «Մոռացված հայրենիք» ֆիլմը՝ Իսամն իր հոգում կրում էր օտարության ու դժվարությունների անլռելի ցավը։ Ստեղծագործող մարդու համար հեշտ չէր, և նա արդեն պատրաստվում էր հեռանալ Հայաստանից։ Բայց Սյունիքի լեռներում ամեն ինչ փոխվեց։

«Երբ ստեղծագործող մարդը չի գտնում այն, ինչ սպասում էր, շատ հեշտ է հեռանալը։ Հենց այս երեխաները պահեցին ինձ։ Հայաստանն ինձ փրկեց այս երեխաների միջոցով։ Ծրագրի վերջին ամիսներին աղջիկներից մեկը մոտեցավ ինձ ու հարցրեց․ «Մենք չգիտենք, թե ո՞վ եք դուք, ինչո՞ւ եք Հայաստանում կամ ինչո՞ւ եք այս ամենն անում մեզ համար․ մենք սրան սովոր չենք»։ Սիրտս կտոր-կտոր եղավ․․․ Ափսո՛ս։ Հայաստանն այնքան հարուստ երկիր է․ հողից անգամ ընդամենը 10 սմ խորության վրա թաքնված զարդեր ու գանձեր կան։ Ես չեմ ուզում 10–15 տարի անց մեր գյուղերը դատարկված տեսնել։ Ես իմ 31 տարվա փորձն եմ բերել հայ երեխաների մոտ, որովհետև անմնացորդ հավատում եմ նրանց ներուժին»։

Իսամի համար Հայաստանն ունի խորություն, որը չես գտնի ամենօրյա հոգսերի վազքի մեջ։ Նա հաճախ է կրկնում, որ պետք չէ տարածվել դեպի դուրս, այլ պետք է խորանալ դեպի ներս․

«Հայաստանը փոքր երկիր է, բայց նման է փախլավայի․ երբ մի փոքրիկ պատառ ես ուտում, զգում ես դրա յուրահատուկ ու խորը համը։ Մեզ թվում է, թե ամեն օր նոր բաներ են պետք․ ոչ, մեզ պարզապես պետք է խորանալ։ Հայաստանն այնքան խորը մշակույթ ունի, որ կարող ես 50 տարի ապրել մեկ մարզում ու անվերջ բացահայտել։ Երևանից դուրս կա արվեստի համար ամենակարևորը՝ հաղորդակցումը բնության հետ»։

 

130 տարվա հեռավորությունից․ նախապապի պատմությունն ու արմատների կանչը

Իսամը Եգիպտոսի ղպտի քրիստոնյա է։ «Իմ ընտանիքը՝ թե՛ հորական, թե՛ մորական կողմից, Եգիպտոսի ղպտի քրիստոնյաներ են։ Մենք սերնդեսերունդ դավանել ենք ղպտիական քրիստոնեական հավատքը։ Այս հոգևոր մթնոլորտն ու արժեքներն իմ կյանքի անբաժան մասն են, և երբ ես բացահայտեցի իմ հայկական արմատները, հասկացա, թե որքան խորն է այն հոգևոր ու մշակութային աղերսը, որն ինձ կապում է Հայաստանի հետ»։

Նրա խոսքերի տակ թաքնված էր 130 տարվա պատմական հիշողություն։ 1896 թվականի պատմական ծանր իրադարձությունների օրերին 7-ամյա հայ մանուկ Միքայելին (ում Եգիպտոսում կոչում էին Միխել) տեղափոխում են Եգիպտոս։ Մանկան կյանքը փրկելու համար նրա փաստաթղթերը փոխվում են՝ տալով տեղական ղպտի քրիստոնյա երեխայի ինքնություն։

Իսամն այս մասին իմացել է միայն 2017 թվականին պապիկի փոքր ակնարկից, որն արել էր մահվանից մեկ շաբաթ առաջ։ «Ես եգիպտացի ռեժիսոր եմ, ում երակներում հոսում է 15% հայկական արյուն։ Երբ հասնում ես որոշակի տարիքի, սկսում ես զգալ, որ պետք է անես ճիշտ բանը, ոչ թե սովորական բանը։ Մեր նախնի Միքայելին 7 տարեկանում տեղափոխել էին Եգիպտոս և տվել ղպտի երեխայի ինքնություն, որպեսզի փրկեն նրա կյանքը։ Ուղիղ 130 տարի անց նրա ծոռը վերադարձավ այստեղ՝ վերագտնելու իր կորցրած ինքնությունն ու հողը»։

Այսպես, 130 տարի անց Միքայել պապի ծոռը ոչ միայն հետ ստացավ իր կորցրած ինքնությունը, այլև Սյունիքի լեռներում գտավ իր հոգու խաղաղությունն ու Հարժիսի երեխաների միջոցով վերագտավ Հայաստանը։

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։