Հոբելյանական երեկո ՆԱՄ-ում
2026-10-16 19:00 | Naregatsi Art Institute
Հոկտեմբերի 16-ին, ժամը 19:00-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա վաստակաշատ քամանչահար Հակոբ Խալաթյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկո։
Միջոցառման ընթացքում Հակոբ Խալաթյանի կատարմամբ կհնչեն քամանչայի համար գրված ստեղծագործություններ. կխոսվի նրա ստեղծագործական ուղու մասին։
ՆԱՄ ցուցասրահում կներկայացվեն նաև Հակոբ Խալաթյանի գեղանկարչական աշխատանքները։ Նա շուրջ 540 գեղանկարչական աշխատանքների հեղինակ է։ Ունեցել է մոտ 10 համերգ-ցուցահանդես Հայաստանում և Ռուսաստանում։
Հակոբ Խալաթյանը 1975 թվականին ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի քամանչայի (դասատու՝ Մ. Խաչատրյան), 1986 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական գործիքների (Մ. Խաչատրյանի դասարան) բաժինները։
1977–78 թթ․ եղել է Հայաստանի ժողովրդական գործիքների նվագախմբի, 1978–80 թթ․ Կիրովականի «Հորովել» երգի-պարի անսամբլի կոնցերտմայստեր, 1982–2002թթ․ և 2012-2017 թթ․ Հայաստանի ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի քամանչահար, 2009–2011 թթ․ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի վաստակավոր անսամբլի կոնցերտմայստեր և մենակատար։
1983–89թթ․ դասավանդել է Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական, 1987–2005 թթ․Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարաններում (քամանչա)։
2016թ․-ին Հ․ Խալաթյանի 60-ամյակին նվիրված համերգին վաստակաշատ քամանչահարը ելույթ ունեցավ միայն Հայաստանի կամերային նվագախմբի հետ (գեղ․ ղեկավար՝ Վահան Մարտիրոսյան)․ համերգը կայացավ Երևանի Կոմիտասի անվան կամերային տանը։
2017-2020թթ․ աշխատել է Արցախում (Շուշի, Ստեփանակերտ)։
Ստեղծագործական 50 տարիների ընթացքում աշխատել է պետական տարբեր նվագախմբերում, երաժշտական ուսումնական հաստատություններում։
Կատարել է փոխադրումներ և մշակումներ քամանչայի, քամանի և փոքր կազմի անսամբլների համար։
Խալաթյանն առաջինն է քամանչայով կատարել խոշոր կտավի ստեղծագործություններ՝ Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը, Էդուարդ Բաղդասարյանի «Ռապսոդիան»՝ ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար (կատարվել է 1996թ․-ին Ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ գեղ․ ղեկ․՝ Օհան Դուրյան, դիրիժոր՝ Դավիթ Թերզյան), Ռուբեն Ալթունյանի «Անտունի» գրված քամանչայի և կամերային նվագախմբի և դաշնամուրի համար և այլ ստեղծագործություններ։
Հայ կոմպոզիտորներից Ռոբերտ Պետրոսյանը, Խաչատուր Ավետիսյանը, Ռուբեն Ալթունյանը, Ստեփան Շաքարյանը, Մանվել Բեգլարյանը իրենց քամանչայի համար գրված ստեղծագործությունները նվիրել են Հակոբ Խալաթյանին` որպես առաջին կատարողի։
Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի մոտ 30 երկրներում։
Մուտքն ազատ է։
Հասցե՝ ք․ Երևան, Վարդանանց 16/1
Հեռ․ +374 10 580105
www.naregatsi.org
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։